Մեր և աշխարհի համար վտանգավոր Իսրայելա- պաղեստինյան պատերազմը, ցավոք, դեռ միայն սկիզբն է…
(սկիզբը՝ այստեղ)
Չինաստանը Պաղեստինից և Իսրայելից հազարավոր կիլոմետրերով հեռու է, այդ երկրներում զոհված կամ վտանգի տակ գտնվող քաղաքացիներ չունի, զուտ իսրայելա- պաղեստինյան հակամարտությունից Չինաստանի տնտեսական և քաղաքական շահերի և, ընդհանրապես, երկրի անվտանգության նկատմամբ որևէ սպառնալիք չկա, սակայն Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմի հենց նույն օրը Չինաստանն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել պահպանել զսպվածություն և անհապաղ դադարեցնել կրակը: Նմանաբնույթ կոչով հանդես են եկել նույնիսկ Լատինական Ամերիկայի երկրները: Իսկ գիտե՞ք ինչու…
Այն պարզ պատճառով, որ Չինաստանը, ինչպես և Ռուսաստանն ու մի շարք այլ պետություններ, տեսնում է վտանգ, որ տվյալ պատերազմը կարող է վերածվել տարածաշրջանային մի քանի պետությունների (Լիբանան, Սիրիա, Իրան) ներգրավմամբ մեծ տերությունների անվտանգությանը և շահերին սպառնացող տարածաշրջանային մեծ պատերազմի և նույնիսկ՝ Երրորդ համաշխարհային պատերազմի:
«Չինաստանը խորը մտահոգություն է հայտնում Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության և բռնության ներկայիս սրման կապակցությամբ, կոչ է անում համապատասխան երկրներին պահպանել սառնասրտություն և զսպվածություն, անհապաղ դադարեցնել կրակը, պաշտպանել խաղաղ քաղաքացիներին և կանխել իրավիճակի հետագա վատթարացումը»,-«РИА Новости»– ի փոխանցմամբ , նշված է Չինաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ՝ հրապարակված ԱԳՆ կայքում:
Գերատեսչությունում նշել են, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման հիմնարար ուղին երկու պետությունների համակեցության մասին ՄԱԿ- ի որոշման իրականացումն է և անկախ պաղեստինյան պետության ստեղծումը:
«Միջազգային հանրությունը պետք է գործի հրատապության ավելի մեծ
զգացումով, ավելացնի իր ներդրումը պաղեստինյան հարցի լուծման գործում, նպաստի Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցությունների շուտափույթ վերսկսմանը»,- նշված է հաղորդագրության մեջ (ընդգծումը՝ մերը):
Չինաստանի ԱԳՆ հավաստմամբ, երկիրը կշարունակի համագործակցել միջազգային հանրության հետ այս հարցի շուրջ:
«Իրավիճակն ավելի քան տագնապալի է, այն պոտենցիալ վտանգավոր է արաբա-իսրայելական հակամարտության ներկայիս գոտուց դուրս գալու և տարածման համար»,- երեկ, «Известия»– ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտինը» ծրագրի համար մեկնաբանությունում:
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել էր, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև փոխադարձ բռնության շարունակումը հղի է կործանարար հետևանքներով: Դրանից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 9- ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր , որ պաղեստինա-իսրայելական դիմակայությունը պետք է շտապ դադարեցնել:
Բայց, ինչպես ասում են, ասողին լսող է պետք, Պաղեստինը և նույնիսկ ՀԱՄԱՍ- ը համաձայն են դրան և հրապարակայնորեն պատրաստակամություն են հայտնել զինադադարի և բանակցությունների, հեռահար նպատակներ ունեցող Իսրայելը կտրականապես դեմ է բանակցություններ սկսելուն և արյունահեղության դադարեցմանը: Նաթանյահուի և Բայդենի ականջներին շշնջացել է Սատանան…
Ռուսաստանը Իսրայելին և Պաղեստինին կոչ է անում դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, «ՌԻԱ Նովոստի»- ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտնել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի փակ նիստում կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտերը և անցնել առարկայական բանակցությունների:
Ինչպես Չինաստանի ԱԳՆ- ն, այնպես էլ վերոնշյալ պաշտոնյաներից բոլորը գիտեն ինչ և ինչու են ասում, հակամարտության՝ տարածաշրջանային մեծ պատերազմի վերածվելու վտանգն իսկապես մեծ է, դրա բոլոր նախանշաններն արդեն կան:
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) երեկ հայտնել է, որ Սիրիայի կողմից արկեր են արձակվել, մի քանի արկեր թռել են Իսրայելի տարածքով և ընկել բաց վայրում, ավերածությունների և տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվել: Եղե՞լ է Սիրիայի կողմից հրետակոծություն, թե սա Սիրիային հարվածելու համար առիթ մոգոնելու նպատակով ՑԱՀԱԼ- ի կեղծ հաղորդագրությունն է՝ դժվար է այժմ ասել, ավելի հավանական է՝ վերջինը, ինչպես Ադրբեջանի ՊՆ բազմաթիվ կեղծ հաղորդագրությունները, թե Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են իրենց դիրքերի ուղղությամբ:
Սիրիայի ԱԳՆ-ն ավելի վաղ աջակցություն էր հայտնել պաղեստինյան կողմին Իսրայելի հետ պատերազմում: Դիվանագիտական գերատեսչությունում, մեկնաբանելով հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումը Իսրայելի տարածքի վրա, հայտարարել են, որ այդ գործողություններն «ապացուցում են պաղեստինցի ժողովրդի՝ սեփական հողում անկախ պետություն ստեղծելու իրավունքը»:
Իսրայելը վաղուց է ատամ կճրտացնում Սիրիայի նկատմամբ, իսրայելական ավիացիան նախկինում բազմիցս հարվածել է սիրիական թիրախներին, այդ թվում՝ Դամասկոսի քաղաքացիական օդանավակայանին, և բացառված չէ, որ Սիրիայի ԱԳՆ վերոնշյալ հայտարարությունից հետո Իսրայելում մտածել են օգտվել այդ առիթից, քանի որ այդ դեպքում շատերը կարող է հավատան, որ առաջինը Սիրիան է կրակ բացել: Համենայն դեպս, փաստը և կասկածից դուրս գտնվողն այն է, որ Իսրայելական բանակը երեկ, РБК- ի տեղեկացմամբ , վերոնշյալ առիթով հրետանային կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ ու դա համարել պատասխան՝ Սիրիայից արձակված կրակի:։
Այսօր էլ ՑԱՀԱԼ- ի ավիացիան, ТАСС- ի փոխանցմամբ, Լիբանանում գրոհել Է շիական «Հըզբոլահ» զինյալ կազմակերպության օբյեկտները: Բացի վերոնշյալից, ինչպես նշված է Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ հրապարակված նրա Telegram ալիքում , ՑԱՀԱԼ- ի հրետանին հրետակոծել է այն շրջանը, որտեղից Իսրայելի տարածքին հարված է գրանցվել:
Պաղեստինա- իսրայելական հակամարտության սկզբից ի վեր, Իսրայելն արդեն մի քանի անգամ հարվածել Լիբանանի տարածքին։ Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բոու Հաբիբը հայտարարել է, թե «Հըզբոլահ»- ից հավաստիացում է ստացել, որ այն ռազմական գործողությունների չի գնա, եթե Իսրայելը հանդես չգա Լիբանանի դեմ: Հիմա թերևս կարելի է ենթադրել, որ «Հըզբոլահ»- ն կպատասխանի Իսրայելի հարվածներին…
Որպես ահազդու մահակ տարածաշրջանային որոշ երկրների վրա, որոնց Իսրայելը կարող է ներքաշել պատերազմի մեջ, կամ որոնք կարող է ներգրավվեն պատերազմի մեջ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Պենտագոնի ուղարկած Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հարվածային նավախումբը՝ միջուկային «Gerald Ford» ավիակրի գլխավորությամբ, երեկ ժամանել Է Միջերկրական ծովի արևելյան հատված:
Բացի վերոնշյալից, ԱՄՆ-ը պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին շարունակում է աշխատել տարածաշրջան լրացուցիչ ուժերի օպերատիվ տեղափոխման ուղղությամբ: Այս մասին, ТАСС- ի փոխանցմամբ , հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը։
«Մենք շարունակում ենք աշխատել ԱՄՆ դիրքերի ուժեղացման, ներառյալ՝ ԱՄՆ ՌՕՈՒ- ի Ֆ-15, Ֆ-16, Ա-10 կործանիչների օպերատիվ տեղափոխման ուղղությամբ՝ տարածաշրջանում առկա կործանիչների էսկադրիլիաների ամրապնդման համար»,- նշված է հայտարարության մեջ:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ